ՖՐՈՒՏ ՖՈՒԴ ՉՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
«Ֆրուտ Ֆուդ»-ը հիմնադրվելէ 2007թ-ին՝ նոր գաղափարներով և նոր հեռանկարներով: «ՖրուտՖուդ» չոր մրգերի և մրգային քաղցրավենիքների գործարանը գտնվում է Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ արագիլների և արևահամ ծիրանի բնօրրանում: Գործարանի աշխարհագրական դիրքը այնքան ճիշտ է ընտրված, որ արևմուտքից հսկում է Արարատ լեռը, իսկ արևելքից՝ արևածագը: Գործարանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Խոր Վիրապի վանքը: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին կառույցը պահպանել է հնության շունչը՝ հնաոճ ամրոցի տեսքով, զբոսաշրջային համալիր դառնալու նպատակով:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Զանգակատուն գյուղում։ Բացվել է Պարույր Սևակի մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1981 թվականի հունիսի 17-ին։
Թանգարանը կառուցվել է գրողի առանձնատան կողքին, այգու հարևանությամբ։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։ Ըստ նախագծի՝ տուն-թանգարան համալիրը ներառում էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն։ Իրականացվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը։
2015 թվականի մարտին բացվեց տուն-թանգարանի նոր մասնաշենքը, որն ունի զանգակատան տեսք։ Այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը և ընդունելությունների սրահը։
Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը (1960), այգին և հայրական տունը (1924)։
Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և Պ. Սևակի անձնական գրադարանի 1000-ից ավելի գրքեր։ Տուն-թանգարանի բակում՝ այգու արևելյան հատվածում են գտնվում Պարույր Սևակի, նրա կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի, և ծնողների՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյանների շիրիմները։
2019 թվականից թանգարանի ցուցադրության մաս է կազմում նաև Պարույր Սևակի հայրական տունը։ 1926 թվականին այդ տանն են հաստատվել հայ մեծանուն բանաստեղծ ծնողները՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյանները, հորեղբայրը՝ Վահան Սողոմոնյանը։ Այստեղ են անցել Պ. Սևակի մանկությունն ու պատանեկությունը (1926-1940)։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան։ Բացվել է 2001 թվականի մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարելիցի օրը։ Գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում։
Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը։
Տուն-թանգարանի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին (քանդակագործ` Կամսար Ղազարյան)։
Թանգարանը գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 հասցեում։
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Արածո կիրճ (հայտնի է նաև Դժոխքի ձոր անունով), կիրճ Հայաստանի Արարատի մարզում, Արածո գետի խորը հովիտը՝ Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասում։ Երկարությունը մոտ 7 կմ է, խորությունը՝ 100-400 մ, հատակի լայնությունը՝ 10-80մ։ Լանջերը լերկ են, ժայռոտ ու զառիթափ։ Կան կարստային քարայրեր, խոռոչներ։
Այս տարածքը կոչվում է Ոսկե լճակ, նաև Աղագյոլ են ասում տարեցները, դա հնուց եկած անունն է, քանի որ հարյուր տարուց ավել է ինչ կան այս լողավազանները։ Իսկ էլ ավելի վաղ, ըստ պատմաբանների աշխատությունների, սա եղել է հայոց թագավորների բաղնիք առողջարան։
Ինչո՞ւ առողջարան, որովհետև բնական ակունքի ջուրը բուժիչ է, հագեցված է հանքային աղերով, ողջ տարի պահպանում է 23 աստիճան տաքություն։
Ակունքի ջուրը բուժում է հոդերի, ողնաշարի, արյան անոթների, երիկամների, մաշկի խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև անփոխարինելի է գինեկոլոգիական խնդիրների դեպքում։
Կառուցվել է 2017 թվականին։
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ
Գտնվում է Արարատ գյուղում։
Կառուցվել է 1866 թվականին Պարսկաստանի Մակու քաղաքից այստեղ ներգաղթած հայերի նախաձեռնությամբ։ Բազիլիկ կառույց է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներ են։ Ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է։ Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսային, արևմտյան և հարավային։ Կառուցված է տեղական գորշ տրավերտին քարով։ Պատերը ներսից սվաղված են կրով։
Եկեղեցուն կից զանգակատունը կառուցվել է 1866 թվականին, վերակառուցվել՝ 2008-2010 թթ.՝ հովանավորներ Սամվել և Ստեփան Վարդանյանների կողմից։
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
Սբ. Հովհաննես եկեղեցին կառուցվել է Թաղավանք վայրում։ Այն հիմնադրվել է 1811 թվականին, իսկ 1974 թվականին բարերար Գեղամ Քոչարյանի օժանդակությամբ հիմնովին վերակառուցվել է։ Եկեղեցու մուտքի մոտ և ներսում պահպանվել են IX-XVII դարերի յոթ խաչքարեր։
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
19-րդ դարի եկեղեցի, հիմնովին վերակառուցվել է 1997-ին, վերակառուցող ճարտարապետ` Թ. Գևորգյան:
ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ՋՐԱՄԲԱՐ
Ջրամբարը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Գեղամա լեռներից սկիզբ առնող Չանախչի գետի հովտում` ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, Զանգակատուն գյուղում: Ջրամբարը կառուցվել է 1986 թ.-ին: Ջրամբարի կուտակվող ջրի ծավալը կազմում է 2 մլն խմ, օգտակար ծավալը` 1,8 մլն խմ, հայելային մակերեսը` 13,5 հեկտար: Ջրամբարը օգտագործվում է ոռոգման նպատակով (հնարավոր է ոռոգել 543 հա տարածք):
ԱՍՆԻ ԲՆԱԿԱՏԵՂԻ ԱՄՐՈՑ
Արմաշ գյուղից 6 կմ հս, «Ասնի» գյուղատեղիից 1 կմ հս ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԱՍՆԻ»10-18 դդ.
Facebook
Location on Google Maps
YouTube